Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ձևավորվել է Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների գրչության կենտրոններում ստեղծված ու պահպանված ձեռագրերի հիմքի վրա: Դեռևս վաղ միջնադարից գործող Էջմիածնի Մայր Աթոռի գրատունը, որի ժառանգորդն է ներկայիս Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, պետականացվել է 1920 թ. դեկտեմբերին: Էջմիածնից Մատենադարանը Երևան է տեղափոխվել 1939 թ. և տեղակայվել է Հանրային գրադարանում: 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ նոր և առանձին շենքում տեղակայված Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի` ձեռագրերի գիտական պահպանության, բնագրերի ուսումնասիրման, հրատարակության և թարգմանության բաժիններով.